Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Տեղական թռչնամիսը զիջում է դիրքերը

Տեղական թռչնամիսը զիջում է դիրքերը
17.07.2009 | 00:00

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱ
Մինչ Հայաստանի կառավարությունը խոսում է տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման, նրա պաշտպանվածության և ներմուծվողի նվազեցման մասին, հայրենական արտադրանքը ներքին շուկայում զիջում է իր դիրքերը: Թեև մեր արտադրանքը, հատկապես սննդամթերքը, իր որակական և համային հատկանիշներով ամենևին չի զիջում ներկրվողին, սակայն տեղական արտադրանքի համար խնդրահարույց է դարձել գինը: Մեր երկրում արտադրվածը, պարզվում է, ավելի թանկ է, քան Եվրոպայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից կամ այլ երկրներից ներկրվածը:
Մեր շրջայցը Երևանի սուպերմարկետներում վեր հանեց մի հետաքրքիր փաստ: ՈՒսումնասիրելով մեկ արտադրատեսակի` թռչնամսի շուկան, պարզվեց հետևյալը. հազարավոր կիլոմետրերի, մաքսազերծման, սառնարանային պահպանման համար հավելյալ գումարներ վճարող ներկրողները կարողանում են ավելի էժան թռչնամիս վաճառել, քան տեղում արտադրող մեր ընկերությունները: Այսպես, ֆրանսիական արտադրության «DOUX», «Sabco» թռչնամսի մեկ կիլոգրամը վաճառվում է համապատասխանաբար 1160 և 1060, բրազիլական արտադրության «Sadia», «Frangosul» և «Fazenda» հավերի մեկ կիլոգրամը ` 1180, 1065 և 970 դրամով:
Իսկ ահա Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրանքը թեև իր որակով գերազանցում է վերոհիշյալ բոլոր արտադրատեսակներին, սակայն դրա մեկ կիլոգրամի արժեքը 1300 դրամ է:
Երբ այս հարցով դիմեցինք ձեռնարկության տնօրեն ԱՐԹՈՒՐ ԵՓՐԵՄՅԱՆԻՆ, պատասխանեց, որ ներկրվող թռչնամիսը, իրոք, ավելի էժան է, քան տեղականը, իսկ պատճառն այն է, որ դրսից բերվող թռչնամիսը մաքսազերծելիս չի արտացոլվում ներկրվածի իրական արժեքը, այն Հայաստան է բերվում իրականից էժան ինվոյսներով (մաքսային ապրանքագրերով): Եվ սա էլ իր հերթին նպաստում է, որ գնային առումով ներկրված արտադրանքն առավելություն ստանա տեղականի նկատմամբ:
Եփրեմյանը հիշեցրեց, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թռչնամսի արտադրությունն իրենց ձեռնարկություններում մոտ 30 տոկոսով կրճատվել է: Ինչ վերաբերում է ձվի արտադրությանը, այն գրեթե նույնն է մնացել, ծավալների կրճատում չի գրանցվել: Հետաքրքիր մի իրողություն ևս: Երբ հարցրինք` որքա՞ն է Լուսակերտի թռչնաֆաբրիկայից ձվի բացթողման մեծածախ գինը, և դա համեմատեցինք մանրածախի հետ, պարզվեց, որ 27-34 դրամով առաքվող ձվերը մայրաքաղաքի խանութներում վաճառվում են 39-50 դրամով:
Այն հարցին, թե հնարավոր չէ՞ էժանացնել տեղական արտադրանքը, Արթուր Եփրեմյանը պատասխանեց, որ դրան հիմնականում խոչընդոտում է Հայաստանում թույլ զարգացած կերային բազան, թռչնի ու ձվի արտադրության ծախսերի 70 տոկոսը կազմող եգիպտացորենը համարյա թե ամբողջությամբ արտերկրից է ներկրվում։ Այն հնարավոր է աճեցնել նաև Հայաստանում, սակայն մեր ցանքատարածություններն ուժասպառ են, և հնարավոր չէ ամեն տարի որակյալ ու բավարար քանակությամբ եգիպտացորեն աճեցնել:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3733

Մեկնաբանություններ